12 փետրվարի 2010 - 17:59 AMT
Տիգրան Սարգսյան. Հայ-կորեական հարաբերությունները հետագա զարգացման մեծ ներուժ ունեն


Այսօր վարչապետ <b>Տիգրան Սարգսյանն</b> ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան <b>Լի Քյու-Հենին</b>, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետը գոհունակությամբ է խոսել հայ-կորեական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին` ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մեծ ներուժ կա առեւտրատնտեսական, կրթության, գիտատեխնիկական, մշակութային, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում Հայաստանի եւ Կորեայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար:

Անդրադառնալով առեւտրատնտեսական համագործակցությանը` վարչապետն անհրաժեշտ է համարել իրավական դաշտի ձեւավորումը, գործարարների միջեւ անմիջական շփումների հաստատումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը եւ կորեական ընկերությունների կողմից ներդրումների խրախուսումը Հայաստանում մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում, ինչպես, օրինակ, կորեական ընկերության մասնակցությունը Երեւանի ՋԵԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով երկաթգծերի նախագծման եւ կառուցման կորեական հարուստ փորձը` Հայաստան-Իրան երկաթուղին նույնպես կարող է հետաքրքություն ներկայացնել կորեական ընկերությունների համար:

Վարչապետը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության կառավարության կողմից մի շարք, այդ թվում` տեխնիկական օգնության, ծրագրերի իրականացումը` առանձնակի կարեւորելով «Կորեական միջազգային համագործակցություն» (KOICA) կառավարական գործակալության կողմից 1994 թվականից սկսած ՀՀ պետական ծառայողների համար տարբեր դասընթացների կազմակերպումը:

Փոխադարձաբար կարեւորվել է մշակութային համատեղ ծրագրերի եւ մշակութային օրերի կազմակերպումը երկու ժողովուրդների միջեւ փոխճանաչելիության մակարդակի բարձրացման եւ կապերի սերտացման նպատակով:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պարոն Լի Քյու-Հենին պաշտոնավարման ընթացքում ի նպաստ հայ-կորեական համագործակցության ծավալած գործունեության համար` մասնավորապես բարձր գնահատելով նրա ջանքերը անցյալ տարի Հայաստանում բիզնես-ֆորում եւ կորեական պարի խմբերի Հայաստան այցելություններ կազմակերպելու համար: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն: