25 դեկտեմբերի 2001 - 21:56 AMT
ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնեց Թեհրան: Երկրի ղեկավարին ուղեկցող պատվիրակության կազմում են` արտաքին գործերի, էներգետիկայի, տրանսպորտի ու կապի, կրթության եւ գիտության, բնապահպանության, մշակոիյթի,երիտասարդության հարցերի ու սպորտի նախարարները, Սյունիքի մարզպետը եւ այլ պաշտոնական անձինք: Թեհրանում գտնվելու առաջին օրը Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ կդնի Իրանի Իսլամական Հանրապետության հինադիր այաթոլա Հոմեյնիի դամբարանին: Հայաստանի ղեկավարը կհանդիպի Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համեննեիի հետ: Կկայանան հայ-իրանական բանակցություններ ընդլայնված կազմով, որի արդյունքում կստորագրվեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր: Գլխավոր փաստաթուղթը կդառնա համատեղ քաղաքական կոմյոինւկեն: Բանակցությունների ընթացքում կքննարկվի Իրան-Հայաստան գազատարի անցկացման հարցը: Կողմերը կքննարկեն նաեւ Քաջարանի թունելի կառուցման հեռանկարները: Եռօրյա այցի շրջանակներում Հայաստանի նախագահը կհանդիպի Իրանի պաշտպանության նախարար Շամհանիին, արտաքին գործերի նախարար Հարազիին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռոհանիիին: Նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի էքսկուրսիան «Իրան Հոդրո» մեքենաշինական գործարան: Նախագահը կայցելի Իրանում Հայաստանի դեսպանատուն եւ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդի նստավայր:Սուրբ Սարքիս եկեղեցում Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի էկումենիկ արարողությանը, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: «Արարատ» սպորտային համալիրում կկայանա նախագահի հանդիպումը Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: «Վահդաթ» համերգասրահում Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի արվեստի հայ գործիչների գալա-համերգին:Դեկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: