8 փետրվարի 2010 - 16:50 AMT
Ժիրայր Քոչարյան. «Պատմությունը ցույց է տալիս, որ չի կարելի հավատալ թուրքերին»


Օրերս Բեռլինի եւ Համբուրգի հայկական եկեղեցական ու մշակութային համայնքում «Freie Universitaet Berlin» դասախոս <b>Ժիրայր Քոչարյանը</b> դասախոսություն է կարդացել` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման <b>արձանագրությունների</b> ստորագրման եւ <b>ղարաբաղյան հակամարտության</b> վրա դրանց ազդեցության մասին:

«Կարծում եմ, արձանագրությունների ստորագրումը այլ երկրների ճնշման արդյունք էր: Պատմությունը ապացուցել է, որ թուրքերին հավատալ չի կարելի: Ակնհայտ է, որ մինչեւ սահմանի բացումը թուրքական կողմը մեր առջեւ դնելու է հազարավոր պահանջներ: Առաջին պահանջը լինելու է ղարաբաղյան հարցի լուծումը, որին հետեւելու են ոչ պակաս անընդունելի պահանջներ: Եթե երկու հարեւան երկրներ իսկապես ուզում են կարգավորել հարաբերությունները եւ բացել սահմանը, ապա պետք է կառչեն արձանագրության կետերից», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ընդգծել է Ժիրայր Քոչարյանը:

Նրա խոսքերի համաձայն, Գերմանիայի հայկական համայնքը նույնպես դեմ է արձանագրությունների երկու հիմնական կետերին` պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու եւ գոյություն ունեցող սահմանի ճանաչման մասին: «Այդ կետերը կասկածի են ենթարկում այն, ինչը հայերը մինչ օրս վերապրել են: Բացի այդ, մենք չենք փակել սահմանը, այլ Թուրքիան, ուրեմն նա էլ այդ հարցի պատասխանատուն է», - ասել է Ժ. Քոչարյանը:




Նորագույն ժամանակներում Գերմանիայում բնակություն հաստատած հայերը ուսանողներ էին, որոնք հաստատվել էին Լայպցիգում 1885 թ.:

1914 թ. Բեռլինում հիմնադրվել է <b>«Գերմանա-հայկական միություն»</b> ոչ առեւտրային կազմակերպությունը, իսկ 1923 թ.`առաջին գրանցված հայկական համայնքը` «Բեռլինի հայկական գաղութը»: 1980-ական թթ. ԳՖՀ-ում տարագիր հայերի թիվը հասնում է 20 հազարի: Այսօր դրանց թիվը հասնում է 40-42 հազարի, որոնցից մեծ մասն արդեն այնտեղ են ծնվել:

<b>Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները</b> ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:


<b>Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը</b> սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների <b>եռակողմ հանդիպումը</b>: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:

Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը: