12 փետրվարի 2010 - 13:41 AMT
Լեւոն Ջուլֆալակյանը զարմացած է ադրբեջանցի օլիմպիական չեմպիոնի կանխատեսումներից


«Մենք շատ ուժեղ ըմբշամարտիկներ ունենք եւ բոլոր առաջնություններում բարձր տեղեր ենք զբաղեցնում: Եթե ապրիլի 13-18 Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ մրցավարներն օբյեկտիվ լինեն, ապա մենք մեդալներով կվերադառնանք»,- ասաց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ <b>Լեւոն Ջուլֆալակյանը</b> PanARMENIAN.Net-ի թղթակցին` մեկնաբանելով ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոն Ֆարիդ Մանսուրովի հայտարարությունը:

Մանսուրովը Եվրոպայի առաջնությունից դեռեւս 2 ամիս առաջ ադրբեջանական azerisport.com-ին տված հարցազրույցին ասաց. «Ես լսել եմ այն մասին, որ հայ ըմբշամարտիկները ցանկանում են Բաքու ժամանել: Կարծում եմ` նրանք իզուր են գալու, դա նրանց չի ուրախացնի: Երեք տարի առաջ աշխարհի առաջնության ժամանակ հայ մարզիկները ջանացին, բայց չկարողացան մեդալ նվաճել: Նրանցից «բրոնզ» վերցրեց միայն հպատակագրված ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեեւը: Այս անգամ էլ հայ ըմբշամարտիկներն առանց մրցանակների կմնան»,- ժամանակից շուտ կանխատեսել է Եվրոպայի առաջնության արդյունքները Մանսուրովը:

«Եթե Պատրիկեեւն ադրբեջանցիների համար «հպատակագրված ըմբշամարտիկ» է, ապա ինչու են Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես գալիս զանազան երկրների լեգեոներներ, ինչպիսիք են Շալվա Գադաբաձեն (84 կգ ք/կ) կամ էլ Անտոն Բոտեւը (120 կգ ք/կ)»,- ասաց Ջուլֆալակյանը:

Մանսուրովը նշեց նաեւ այն պատճառը, որով Ադրբեջանի հավաքականը չեկավ Երեւան, որպեսզի մասնակցի Աշխարհի գավաթին: «Ազնվությամբ խոստովանում ենք, որ մեր թիմը թույլ դիրքեր ունի մեծ քաշերում, ինչի պատճառով Ադրբեջանը որպես թիմ խոցելի է: Դա երեւաց նաեւ անցյալ տարի Ֆրանսիայում կայացած Աշխարհի գավաթի ժամանակ: Եթե ըմբշամարտը անձնական ընդունմամբ ընթանար, ապա առաջինը ես կմասնակցեի Աշխարհի գավաթին»,- ավելացրեց ադրբեջանցի ըմբշամարտիկը: