12 փետրվարի 2010 - 13:27 AMT
Տիգրան Սարգսյան. Մենք լրջորեն ենք տրամադրված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում


Հայ-ամերիկյան առեւտրի պալատը Քաղաքական հետազոտությունների հիմնադրամի հետ համատեղ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, Հայաստանում հանրային քննարկումներ է նախաձեռնել «Հայ-թուրքական հարաբերություններն ու միջսահմանային ռեգիոնալիզմը» խորագրով:

«Հայ-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ հարկավոր է պատասխանել 3 հարցի` պարզել հայ հանրության կարծիքը այդ խնդրի շուրջ, պարզել միջազգային ու տարածաշրջանային հասարակությունների կարծիքը»,-ասել է ՀՀ վարչապետ <b>Տիգրան Սարգսյանը</b> քննարկումների ընթացքում:

Նա նաեւ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Լոնդոնում եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին նրա հղած ուղերձին: Ըստ վարչապետի, նախագահը ցույց տվեց իր վճռականությունն այս հարցում եւ հավելեց, որ այդ դիրքորոշմանը սատարում են գերտերությունները:

«Դա խորապես գիտակցված քայլ է եւ կարելի է ասել, որ Հայաստանի նախագահը նոր էջ բացեց հայ-թուրքական հարբերություններում: Մենք գործ ունենք նոր իրղությունների հետ եւ պետք է հաշվի նստենք դրանց հետ»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, բոլոր այդ հայտարարությունները չեզոքացնում են այն կասկածները, թե գործընթացը լոկ քաղաքական խաղ էր:

«Մենք լրջորեն ենք տրամադրված հարաբերությունների կարգավորման հարցում: Դա ապացուցում է, որ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ չկան: Հարկավոր է ամուր կամք դրսեւորել գործընթացը շարունակելու համար»,-ասել է Տ.Սարգսյանը: Նա հայտարարել է, որ կան ուժեր, որոնք չեն համընկնում մեր պատկերացումների հետ եւ դա միանգամայն բնական է, սակայն մենք չպետք է կորցնենք զգոնությունը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան եզակի շանս ունեն հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ սա այն դեպքն է, երբ բոլոր գերտերությունների դիրքորոշումները համընկնում են: