8 փետրվարի 2010 - 19:06 AMT
Պատերազմի ելքը որոշում է զինվորի ոգին, ոչ թե զինվորական միլիարդներ պարունակող բյուջեն


«ԼՂՀ պաշտպանական բանակի եւ Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ չէ», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր <b>Համլետ Հարությունյանը</b>: Պատգամավորի խոսքերի համաձայն, Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն դեպքում, երբ վստահ կլինի իր հաղթանակի հարցում: «Սակայն պատերազմի «Աստվածը» զինվորի ոգին է, այլ ոչ թե զինվորական միլիարդներ պարունակող բյուջեն», - ասել է նա:

Պատգամավորը նշել է նաեւ, որ պատերազմի դեպքում հայ զինվորի ոգին ավելի բարձր կլինի, քանի որ նա գիտի թե հանուն ինչի է կռվում, ինչը չի կարելի ասել ադրբեջանցիների մասին:

<b>Հայաստանի հանրապետական կուսակցությունը</b> հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:

Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:

2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

<b>Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը</b> սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների <b>եռակողմ հանդիպումը</b>: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:

Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը: