8 փետրվարի 2010 - 21:25 AMT
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կոչ է անում օգնել Հայիթիում տեղի ունեցած ողբերգությանը


Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն անտարբեր չի մնում Հայիթիում տեղի ունեցած ողբերգությանը եւ միանում է տուժածներին օգնություն տրամադրելու միջազգային շարժմանը: Այս գործընթացն իրագործելու համար Կարմիր խաչը կոչ է անում արձագանքել եւ կատարել նվիրատվություն` Հայիթիի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար։

Դրամական նվիրատվություն կարելի է կատարել 2 եղանակով.

1. բանկային փոխանցման միջոցով` Հայաստանի Կարմիր խաչի ընկերության հաշվեհամարին. 1150000234040400 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ.

2. SMS հաղորդագրության միջոցով. ուղարկելով HAITI բառը 3009 կարճ համարին՝նվիրաբերել 500 դրամ։

Հայիթիի երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 12-ին: 7.0 մագնիտուդ ուժգնությամբ շարունակվող ցնցումներն ավերեցին տներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլ պետական կարեւորագույն կառույցներ: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Հայիթիի իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն, կան հազարավոր զոհեր: Շուրջ 80 հազ. հայիթցի թաղված է եղբայրական գերեզմանոցում:

Ընդհանուր առմամբ, միջազգային փրկարարների տվյալների համաձայն, երկրաշարժից տուժել է 3 մլն մարդ, շուրջ 200 հազ. մարդ ծանր վիրավոր է եւ բուժօգնություն է ստանում ժամանակավոր հոսպիտալներում, որ ստեղծվել են Պորտ օ Պրենսեում: Ավելի քան 600 հազ. մարդ ապրում է վրանային քաղաքներում: