11 փետրվարի 2010 - 18:18 AMT
Հայ-թուրքական սահմանով Հայաստան է անցկացվել 7 կգ հերոին


ՀՀ գլխավոր դատախազության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի «Ափիոն, եւ «Հերոին» տեսակի <b>թմրամիջոցների</b> ապօրինի շրջանառության դեպք:

Քրեական գործի նախաքննությամբ ի հայտ եկած տվյալների իրացման արդյունքում՝ 2010 թվականի փետրվարի 8-ին Արտաշատ-Երեւան մայրուղուց բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամանդ Ամին Կալեկանի Տազեհ Կանդը, որի գտնված ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,750 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Նույն օրը ձերբակալվել է նաեւ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Հովհաննես Դավթյանը, ում կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի՝ 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց՝ թվով 9 հատ նկարների փայտյա շրջանակների մեջ:

Հարկ է նշել, որ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է նախադեպը չունեցող քանակությամբ հերոին տեսակի թմրամիջոց, որը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ: Հայտնաբերված հերոին եւ ափիոն տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:

Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: