11 փետրվարի 2010 - 17:34 AMT
Խուճապի ու ասեկոսեների տարածումը վտանգավոր է երկրի կայունության համար


Չնայած, որ ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին շատ է խոսվում, պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է տարածվում այդ տեղեկատվությունը հանրության շրջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ռազմական հոգեբան, Հայաստանի պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:

Ըստ Ջամալյանի, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել ասեկոսեների միջոցով լուրերի տարածման վրա, քանի որ շփման գծում շատ են հրադադարի խախտման դեպքերը, սակայն մինչեւ հանրությանը հասնելն, այն զգալիորեն խեղաթյուրվում է: «Արդյունքում, հայ հասարակության շրջանում ձեւավորվել է տագնապալի սպասողական վիճակ»,-ասել է հոգեբանը: Նա նաեւ հավելել է, որ նման երեւույթները բացառելու համար, պետք է ԶԼՄ-ների միջոցով օպերատիվ կերպով ներկայացնել իրական իրավիճակը:

Ջամալյանը նշել է, որ հայ հանրությունը ոչ մի դեպքում չպետք է կորցնի զգոնությունն ու պատրաստ լինի պատերազմին: «Սակայն չի կարելի ամեն առիթով հայտարարել ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին, ինչը հաճախ դառնում է խուճապի պատճառ»,-ասել է նա: