11 փետրվարի 2010 - 16:07 AMT
Արտակ Դավթյան. «ՀՌԱՀ յուրաքանչյուր որոշում հիմնավորված է»


«Աշխարհում չկա այնպիսի մի պետություն, որը չվերահսկի սեփական հեռուստատեսությունը: Ես ցավում եմ, որ մենք խստորեն չենք պատժել այն հեռուստաալիքներին, որոնք չեն համապատասխանում ներկայացված չափորոշիչներին», - փետրվարի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ <b>Արտակ Դավթյանը</b>: Նրա խոսքերի համաձայն, սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու համար տուգանքները կկազմեն 100-150 հազ. դրամ, իսկ օրենքի պահանջները պարբերաբար չկատարելու դեպքում, հեռուստաալիքը կարող է զրկվել եթեր հեռարձակվելու արտոնագրից:

Դավթյանի խոսքերի համաձայն, ներկայացված չափորոշիչները սահմանել է ՀՌԱՀ-ն` տարբեր բնագավառների արհեստավարժ մասնագետների մասնակցությամբ եւ հանձնաժողովի յուրաքանչյուր որոշում հիմնավորված է: «Եթե դուք որեւէ առարկություններ ունեք, կարող եք դիմել հանձնաժողովին, եւ ըստ «ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների մասին» օրենքի 28-րդ հոդվածի, հանձնաժողովը պարտավոր է պատասխանել ձեր առաջարկներին կամ նկատողություններին», - ընդգծել է Արտակ Դավթյանը:

Այս հարցի ամենալավ լուծումը կլինի վճարվող, փակ համակարգի կիրառումը, ասել է փորձագետ Անուշ Սեդրակյանը: «Ես կարծում եմ, որ ներկայացված չափորոշիչները չեն կարող լուծել այսօրվա հայկական հեռուստատեսության հիմնախնդիրը` մեր հեռուստաալիքներում տիրող համընդհանուր գավառականությունը», - ընդգծել է Անուշ Սեդրակյանը:

2009 թ. դեկտեմբերի 9-ին գաղտնի քվեարկությամբ Հայաստանի ազգային խորհուրդը որոշեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմը` 6 տարի ժամկետով: