11 փետրվարի 2010 - 15:58 AMT
Հայ-եվրոպական խորհրդատվական խորհուրդը կոչ է անում եվրոպական կառույցներին ակտիվություն դրսեւորել հայ-թուրքական գործընթացում


Հայ-եվրոպական խորհրդատվական խորհուրդը (EAAC) բաց նամակ է հղել եվրոպացի քաղաքական գործիչներին եւ ԵՄ ներկայացուցիչներին, որտեղ կոչ է արել ակտիվորեն ներգրավվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նամակում, որը հրապարակվել է եվրոպական ԶԼՄ-ներում, խորհուրդը եվրոպական գործիչների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ գործընթացը ռիսկի է ենթարկվում Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի եվրոպացի բարեկամները` EuFoA կազմակերպությունում, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկուին, ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հարավային Կովկասի գծով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահին հասցեագրված նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ինչպես հայտնի է, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում այժմ պատմական բեկումնային պահ է, որը մեծ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի դիվանագիտական ու ռազմավարական ապագայի վրա: Մենք գտնում ենք, որ Արձանագրությունների ստորագրումը իրապես պատմական գործընթաց է, որը թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Սակայն, թվում է թե այդ մերձեցումը զսպվում է քաղաքական կամքի բացակայության պատճառով եւ փորձ է արվում խեղաթյուրել Արձանագրությունների սկզբունքները:

Մտահոգ լինելով վերջին գործընթացներով, Հայ-եվրոպական խորհրդատվական խորհուրդը հայտարարում է, որ Թուրքիան ու Հայաստանը պետք է շարունակեն Արձանագրությունների վավերացմանն ուղղված քայլերն առանց նախապայմանների: Խորհուրդը կոչ է անում բոլոր կառույցներին ակտիվություն դրսեւորոել հայ-թուրքական գործընթացում, հատկապես, կոչ է անում Ադրբեջանին միանալ այդ ջանքերին: Խորհուրդը ուշադրություն է դարձրել ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության վրա, որը ողջունել է ՀՀ ՍԴ որոշումն Արձանագրությունների վերաբերյալ եւ կոչ է անում բոլոր համապատասխան եվրոպական ինստիտուտներին հանդես գալ նմանատիպ հայտարարությամբ, ինչպես նաեւ ընդգծել, որ դատարանի որոշումը ճանապարհ է բացում Արձանագրությունների վավերացման համար:

Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանն ու Սփյուռքին հակազդել թուրք կառավարության Արձանագրությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապելու փորձերին: Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր կողմերին հրաժարվել պոպուլիզմից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ այս պատմական գործընթացում»: