16 փետրվարի 2010 - 12:36 AMT
Սերգեյ Կապինոս. Ժողովրդավարության կայացումը տեւական գործընթաց է


ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համարժեք է արձագանքում մարդու իրավունքների խախտման դեպքերին եւ մենք այնքան էլ ճիշտ չենք համարում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարությունը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: «Մենք ելնում ենք նրանից, որ խնդիրները պետք է համալիր լուծում ստանան: Առանց դատական համակարգի կատարելագործման եւ դատավորների անկախության մակարդակի բարձրացման, անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին: Մենք ունենք նախագծեր եւ ծրագրեր, սակայն, մենք գտնում ենք, որ հնարավոր չէ միանգամից արդյունքի հասնել: Ժողովրդավարության կայացումը տեւական գործընթաց է»,-ասել է Կապինոսը:

Մեկնաբանելով Բաքվի ռազմաշունչ հռետորությունը` ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ իրավունք չունի խոսել այդ մասին, քանի որ գրասենյակի մանդատը Երեւանում թույլ չի տալիս միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Սակայն ԵԱՀԿ-ն ուշադրություն է դարձրել այդ հայտարարությունների վրա, ուստի այդ պատճառով է, որ Հելսինկիում ԵԱՀԿ ԱԳՆԽ հանդիպմանը Ղարաբաղի վերաբերյալ ընդունված փաստաթղթում հայտնվեց ուժի չկիրառման սկզբունք: «Հռետորությունն ամենասարսափելին չէ, սակայն մենք շատ կցանկանայինք, որ ոչ մի նման հայատարարություն խաղաղ կարգավորման դեմ չլինի»,-ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը: