16 փետրվարի 2010 - 15:16 AMT
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը դատապարտում է Հոլոքոսթի, ինչպես նաեւ 1915թ. Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության ժխտումը: Ինչպես ասվում է «Նոր սերունդ» հայ մշակութային ասոցիացիայի PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ, Համայնքների պալատի ձայնի իրավունք ունեցող 495 անդամներից Ցեղասպանության ճանաչման առաջարկի օգտին են քվեարկել 254 խորհրդարանականներ:

Համայնքների պալատի թիվ 287 առաջարկության մեջ, մասնավորապես, ասվում է. «Համայնքների պալատը դատապարտում է Հոլոքոսթի, ինչպես նաեւ 1915թ. Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության ժխտումը: Համայնքների պալատը դատապարտում է նման իրադարձությունների հանգեցրած քաղաքականությունը: Մենք կոչ ենք անում խորհրդարանի պատգամավորներին հարգել Հոլոքոսթի, 1915թ. Ցեղասպանության հիշատակի օրը` այդպիսով իսկ ապացուցելով, որ այդ զոհերն ու վայրագ իրադարձություններն երբեք չեն մոռացվի»:

«Նոր սերունդ» ասոցիացիայի ներկայացուցիչ Էյլիան Ուիլյամսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան եւ այլ եվրոպական երկրներ պետք է ճանաչեն, որ Թուրքիայի այժմյան սահմանները Հայոց ցեղասպանության եւ ասորիների ցեղասպանության հետեւանք են: «Թուրքիային ԵՄ թողնելուց առաջ, հարկավոր է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ հայկական եկեղեցիներն ու հողերը առգրավվել են թուրքական կառավարության կողմից 1923թ.` «Առանց տնօրինության մնացած գույքի մասին օրենքով»,-ասել է ասոցիացիայի ներկայացուցիչը:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` բրիտանացի խորհրդարանականները հետեւեցին Ուելսի, Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի օրինակին: