16 փետրվարի 2010 - 16:41 AMT
Մարատ Հակոբյան. «Յանուկովիչի քաղաքականությունը ուկրաինամետ է լինելու»


Սխալվում են այն փորձագետները, ովքեր կանխատեսում եմ, թե <b>Վիկտոր Յանուկովիչի</b> իշխանավարությամբ Ուկրաինայի քաղաքականությունը ռուսամետ է լինելու: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Analitika.at.ua ղեկավար <b>Մարատ Հակոբյանը</b>:

«Կիեւի քաղաքականությունը չի լինելու ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ, այն լինելու է ուկրաինամետ: Վիկտոր Յանուկովիչը վարելու է կանխատեսելի քաղաքականություն, որն ուղղված կլինի, առաջին հերթին, երկրի տնտեսության վերականգնմանը: Իսկ դա նշանակում է` քաղաքական, տնտեսական քայլերի ակտիվացում ե'ւ ԱՊՀ երկրների, ե'ւ Արեւմոտքի հետ», - ասել է մեկնաբանը:

Նրա խոսքերի համաձայն, Յանուկովիչը որպես պրագմատիկ քաղաքական գործիչ` քաջ գիտենալով Ուկրաինայի հնարավորությունները, եւ բազմաթիվ անգամ նրա ցույց տված հետեւողականությունը հավատ է ներշնչում, որ երկրում տիրելու է քաղաքական եւ տնտեսական կայունություն: «Հայաստանի հետ հարաբերությունները նկատելիորեն կբարելավվեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին, ապա Վիկտոր Յանուկովիչը բազմիցս հայտարարել է, որ դա առաջնային է, քանի որ շատ բան է մեզ կապում», - նշել է Մարատ Հակոբյանը:

Փետրվարի 15-ին Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները: Երկրի ընտրված նախագահ է հայտարարվել Վիկտոր Յանուկովիչը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 48,95 տոկոսը, իսկ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հավաքել էր ձայների 45,47 տոկոսը: