16 փետրվարի 2010 - 18:36 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Վաշինգտոնում Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումների օրակարգում է


Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, ծրագրված հանդիպումների ընթացքում թուրք դիվանագետը կներկայացնի գործընթացները Կովկասում եւ Բալկաններում:

Ավելի վաղ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել էր Շվեյցարիա, որտեղ պաշտոնական Բեռնին էր ներկայացրել թուրքական կողմի մտավախությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ:

Թուրք դիվանագետի այցը հաջորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի նախագահի հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության կառաջադրվի մարտի 4-ին: Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչն ամերիկյան կողմին կներկայացնի Անկարայի անհանգստությունը բանաձեւի կապակցությամբ: