16 փետրվարի 2010 - 20:40 AMT
«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է փոխհատուցել Ինտերնետ-ակումբներին հասցված վնասը


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար <b>Ստեփան Սաֆարյանը</b> նամակով դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Նամակում արծարծված խնդիրը վերաբերում է 2009թ. ընթացքում այդ գերատեսչության հարկային տեսուչների կողմից մի շարք ինետերնետ ակումբների նկատմամբ կիրառված հսկայական տուգանքներին, որոնց սահմանման համար հիմք էր ծառայել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված գրության այն նախադասությունը, թե ««տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող» կարող է հանդիսանալ ինչպես օրենքով սահմանված պարզ ընթացակարգով լիցենզավորված անձը (այդ թվում` ինտերնետ ակումբը), այնպես էլ օրենքով սահմանված բարդ ընթացակարգով լիցենզավորված անձը»:

Ըստ կուսակցության, մի շարք ինտերնետ ակումբներ հարյուր հազարավոր, եւ անգամ միլիոնավոր դրամների հասնող տուգանքների ենթարկվեցին` «լիցենզիա չունենալու» պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ ինտերնետ ակումբից լիցենցիա կարող է պահանջվել, եթե նա իրականացնում է նաեւ պրովայդերական գործունեություն:

2009թ. ընթացքում Ստեփան Սաֆարյանը նշված խնդրի կապակցությամբ Ազգային ժողովում հանդես էր եկել հայտարարությամբ, ապա հարց էր բարձրացրել Ազգային ժողովում: Սաֆարյանը զավեշտ էր համարել հարկային տեսուչների կողմից օրենքի այդկերպ մեկնաբանությունը, որին հետեւելու դեպքում կստացվի, որ «հանրապետության մի շարք ինտերնետ սրճարանները («Ջազվե», «Յամ-Յամ»), օդանավակայանը (իր Wi-Fi կապի տեսակով), կամ անհատ օգտվողը, որի հարեւանը նույնպես ժամանակ առ ժամանակ օգտվում է նրա ինտերնետ կապից, պետք է լիցենզիա հանեն»:

Պատգամավորի խնդրանքով համապատասխան պետական մարմինները հարցի քննարկում էին նշանակել: Դրանց արդյունքում, թեպետ, օրենքի տարընթերցումներն այլեւս վերացված են, սակայն նախկինում տուգանված եւ պրովայդերական գործունեություն չծավալող ինտերնետ ակումբները չեն կարողանում դատարաններում վերականգնել իրենց խախտված իրավունքները եւ չեղյալ ճանաչել անհիմն կիրառված տուգանքները:

Պատգամավորը խնդրել է տրամադրել հասարակական վայրերում (ինտերնետային ակումբներ, սրճարաններ, կրպակներ եւ այլն) ինտերնետ հասանելիություն ապահովող այն կազմակերպությունների ցանկը, որոնք մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ տուգանվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից: