17 փետրվարի 2010 - 15:56 AMT
Պատճառած վնասի համար Վրաստանը Ռուսաստանից $40 միլիարդ է պահանջում


Վրաստանը մտադիր է դատարանի միջոցով տասնյակ միլիարդավոր դոլարներ կորզել Ռուսաստանից այն վնասի համար, որը, ինչպես գտնում են Թբիլիսիում, Մոսկվան պատճառել է 1990-ականներից սկսած Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում կատարած իր գործողություններով:

Վրաստանը միջազգային դատարանների միջոցով ծրագրում է ապացուցել Ռուսաստանի մեղքը ոչ միայն 2008 թվականի իրադարձությունների, այլեւ ԽՍՀՄ փլուզումից հետո վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունները հրահրելու գործում:

Ինչպես գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, պատճառած վնասի չափերը հաշվելու հանձնարարությունը տրվել է տարածքային ամբողջականության վերականգնման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին, որը գլխավորում է Շոթա Մալաշխիան: Վերջինիս խոսքով, շուտով այդ հարցի առնչությամբ պետական հանձնաժողով կստեղծվի, որը պետք է վերստուգի հաշվարկները, իսկ հետո հայցեր ներկայացնի եւ գործ ունենա միջազգային կազմակերպությունների հետ:

Ինչպես հաղորդեց խորհրդարանականը, նախապես գնահատվել է մինչեւ 1998թ. ընկած ժամանակահատվածում պատճառված վնասը, գումարը կազմում է մոտ $20 միլիարդ: Հատուցման գումարի մեջ մտնում է Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ռուսական ընկերությունների գործունեության հասցրած ենթադրվող վնասը: Մարդու իրավունքների Ստրասբուրգյան դատարան կուղղվեն վրացի փախստականների սեփականության կորստի հայցերը: