Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանը <b>Յուլիա Տիմոշենկոյի</b> հայցով վարույթ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Համապատասխան որոշումը դատարանը կայացրել է 2010թ. փետրվարի 17-ին, հաղորդում է Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանի մամլո ծառայությունը:
Ընդ որում, դատարանը կասեցրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը մինչ Տիմոշենկոյի հայցի քննարկման ավարտը:
Սակայն Յուլիա Տիմոշենկոյի միջնորդությունը, որով կարգելվի Յանուկովիչին նախագահի երդում տալ, դատարանը չի քննարկել, քանի որ Յանուկովիչն այս գործով պատասխանող կողմ չի համարվում:
Դատարանը վճռել է նաեւ, որ գործը կքննվի դատական կոլեգիայի կողմից բոլոր դատավորների ներկայությամբ (55 դատավոր), բացի հարգելի պատճառով բացակայող դատավորներից:
Ալեքսանդր Նեչիտայլոն վարչապետի հայցով զեկուցող է նշանակվել:
Երեկ երկրի վարչապետը հայցով դիմել է դատարան` բողոքարկելով ԿԸՀ-ի արձանագրությունը նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ: Ըստ նրա, հայցադիմումը կազմված է 9 հատորից, որոնք պարունակում են «կեղծիքների ապացույցներ»: Տիմոշենկոն հաղորդել է, որ դատարանին է տրամադրել նաեւ զեղծարարության մասին վկայող լուսանկարչական եւ տեսանյութեր: Բացի այդ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեկ հայտնեց, որ դատարանի նիստը հրապարակային է լինելու:
Այսօր հայտնի դարձավ, որ Յուլիա Տիմոշենկոյի իրավաբանները հայցի հետ միասին միջնորդություն են ներկայացրել Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարան` մինչեւ հայցի քննությունը Վիկտոր Յանուկովիչի երդմնակալությունն արգելելու մասին, հաղորդում է Analitika.at.ua-ն: