17 փետրվարի 2010 - 20:04 AMT
Երեւանում բացվել է Հրանտ Թադեւոսյանի «Լոռվա ձոր» ցուցահանդեսը


Փետրվարի 17-ին Երեւանում Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ վաստակավոր նկարիչ <b>Հրանտ Թադեւոսյանի</b> (Թաթոս) «Լոռվա ձոր» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդեսը կազմակերպել էին «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ Ախթալա քաղաքի քաղաքապետարանը` այն նվիրելով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 141-ամյակին եւ ճանաչված գրող Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ցուցահանդեսին գտնվելով` նշել է, որ «ներկայացված աշխատանքների մի մասը թումանյանական աշխարհն է ներկայացնում, մյուս մասը` մաթեւոսյանականը: Մեր նպատակն է Հ. Թադեւոսյանի աշխատանքների շնորհիվ ցույց տալ հայ գրականության մեծանունների աշխարհները»:

Հրանտ Թադեւոսյանին շնորհվեց «Հովհաննես Թումանյանի պատվավոր հետնորդ» կոչումը, որը սահմանել էր «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, իսկ օրերս Հայաստանի մշակույթի նախարարությունը նրան պարգեւատրել է Ոսկե մեդալով: Շուտով կհրատարակվի նաեւ նկարչի աշխատանքների կատալոգը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ մշակույթի հայտնի այլ անձինք: