17 փետրվարի 2010 - 21:05 AMT
ՀՀ ԱՆ բժշկական հանձնաժողովը երկարաձգում է 2 դատապարտյալների ծանր առողջական վիճակի մասին որոշման կայացումը


ՀՀ Արադարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող <b>հասարակական դիտորդական խմբի</b> ղեկավարը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով միջամտել երկու դատապարտյալների առողջության հետ կապված ՀՀ ԱՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու հարցում:

Դատապարտյալներից մեկը տառապում է ուռուցքային հիվանդությամբ (ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոլոգ Ծառուկյանի խորհրդատվության` երիկամային երակի ուռուցքային թրոմբ), իսկ մյուսը տեսողության հետ լուրջ խնդիրներ ունի (բարդացած կատարակտով):

Դատապարտյալների առողջական վիճակի ախտորոշումը հաստատվել է եւ ներկայացվել ՀՀ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին, սակայն երկու դատարապտյաների հարցով մինչեւ հիմա հանձնաժողովը որեւէ որոշում չի կայացրել:

Հանձնաժողովը, համաձայն «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսպասարկման եւ կանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու» կարգում առկա «Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների» ցանկի, պարտավոր էր համապատասխան որոշում կայացնել:

Արդարադատության նախարարությունը սահմանված ժամկետներում չի արձագանքել դիտորդական խմբի դիմումին: Այս դեպքում, ըստ գործող կարգի, հրատապ հայտարարությունը ենթակա է հրապարակման, հաղորդում է Հայաստանում Մարդու իրավունքների քաղաքացիական հասարակական ինստիտուտը: