10 փետրվարի 2010 - 15:20 AMT
Ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումն ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբիի աշխատանքի արդյունքն է


Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի քննարկումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում հնարավոր դարձավ առաջին հերթին հայկական լոբբիստական կազմակերպությունների, այդ թվում նաեւ «Հայ դատի» ջանքերի շնորհիվ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, դա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական կազմակերպությունների հետեւողական պայքարի շարունակությունն է, եւ նրանք այժմ պահանջում են, որ Օբաման կատարի իր նախընտրական խոստումը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան կոմիտեն դրական եզրակացություն տա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին, ապա այն հավանականությունը, որ Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կօգտագործի «Ցեղասպանություն» բառեզրը, բավականին մեծ է:

«Եթե մինչեւ մարտի ավարտը Թուրքիան չվավերացնի Արձանագրությունները , ապա Հայաստանը պետք է գործընթացը ձախողված համարվի»,-ասել է Վ.Հովհաննիսյանը: