10 փետրվարի 2010 - 18:05 AMT
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը հրաժարվել է Զեգանի հետ ռեվանշից


Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 42-ամյա հայ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը (Ուզբեկստան) որոշել է հրաժարվել մարտի 6-ին կայանալիք ռեվանշից լեհ բռնցքամարտիկ Մատտ Զեգանի հետ, որին նա հաղթել է 7 տարի առաջ` մրցավարների վիճարկելի որոշմամբ:

Վերջերս նախկին մրցակիցները պայմանավորվել են երկրորդ մենամարտի անցկացման մասին, սակայն մարզումների մի քանի շաբաթից Գրիգորյանը հասկացել է, որ իր ժամանակն անցել է: «Ես հաճույքով կմենամարտեի Մատտի հետ,-ասել է Գրիգորյանը:-Ես մարզվել եմ չորս շաբաթ շարունակ, սակայն իմ մարմինն ինձ այլեւս չի լսում: Ես չեմ կարողանում լավ մարզավիճակ ձեռք բերել»:

Այժմ Գրիգորյանը Universum փրոմոութերական ընկերության մարզիչներից մեկն է, մասնավորապես, նա մարզում է ռուս գերմիջինքաշային Դենիս Բոյցովին, եւ նա մտավախություն ունի, որ չափազանց ինտենսիվ մարզումները կարող են վնասվածք առաջացնել եւ նա չի կարողանա կատարել մարզչի իր պարտականությունները: Այժմ ես մարզիչ եմ եւ պատասխանատվություն եմ կրում իմ բռնցքամարտիկների համար: Ես չեմ կարող ընդմիջում թույլ տալ իմ աշխատանքում:»,-ասել է Գրիգորյանը: