10 փետրվարի 2010 - 19:00 AMT
Եվրոպայի հայկական կազմակերպությունները կարող են ուժեղացնել Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը


«Մոտակա շաբաթների ընթացքում, եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքակական Արձանագրությունները, ապա համաշխարհային հասարակությունը կտա իր օբյեկտիվ գնահատականն այդ փաստին»,- այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուին հղված` Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (<b>FAAE</b>) բաց նամակում: Նամակում նաեւ նշվում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Եվրոպայի հայկական կազմակերպությունները առավել մեծ ուժով կշարունակեն իրենց պայքարը <b>Հայոց ցեղասպանության</b> ճանաչման գործում` ընդգրկելով նորանոր երկրներ եւ ընդլայնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը:

«Ավելին, ԵՀՄՖ-ն կվերանայի իր որոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում եւ կտրուկ հանդես կգա այդ անդամակցությանը դեմ»,- ասվում է ուղերձում:

«Մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանի ապաշրջափակումը շատ ավելի ձեռնտու է Թուրքիային, քան Հայաստանին: Այնուամենայնիվ, ողջունում ենք 2 հարեւան երկրների նախագահների կատարած քայլերը այդ հարցում եւ դիմում ենք Ձեզ առաջարկությամբ` չխանգարելու, այլ խթանելու սկսված զարգացումները»,- ասվում է նամակում: Ուղերձում նաեւ նշվում է, որ FAAE-ն հույսով եւ հավատով սպասում է Թուրքիայի վարչապետի եւ ԱԳ նախարարի դրական քայլերին ու տրված խոստումների կատարմանը: