18 փետրվարի 2010 - 16:02 AMT
Երեւանում տեղի կունենա մանկապատանեկան գրքի ցուցահանդես-վաճառքը


Փետրվարի 19-21-ը Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա մանկապատանեկան գրքի 3-րդ <b>ցուցահանդես-վաճառքը</b>: Այն հավակնում է դառնալ ավանդական:

Տոնավաճառին կմասնակցեն մի քանի հայկական հրատարակչություններ: ՀՀ-ում ԱՄՆ եւ Իրանի դեսպանատները կներկայացնեն վերջին տարիներին հրատարակված գրքերը:

«Մենք հուսով ենք, որ գրքի ցուցահանդես-վաճառքը կնպաստի ընթերցանության հանդեպ պատանիների հետաքրքրության վերականգնմանը: Տոնավաճառը լավ առիթ կարող է հանդիսանալ ինչպես մասնավոր, այնպես էլ դպրոցական գրադարանների համալրման համար, քանի որ ներկայացված գրքերը կվաճառվեն սովորական գնից 20 տոկոս էժան գնով»,-ասել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը:

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանն իր հերթին, կարեւորելով նման ցուցահանդեսները, նշել է. «Մենք վստահ ենք, որ գրքերի դեպքում ԱԱՀ-ից հրաժարվելը թույլ կտա, որ գրքի շուկան զարգանա եւ վերականգնվի հետաքրքրությունն ընթերցանության հանդեպ»:

Գրքի ցուցահանդես-վաճառքը կանցնի հայ տպագրության 500-ամյակի միջոցառումների շրջանակներում: Նախատեսվում է նմանատիպ ցուցահանդես-վաճառքը կազմակերպել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախի Հանրապետությունում (ԼՂՀ) մինչեւ 2012 թվականը: