18 փետրվարի 2010 - 18:27 AMT
Մեծ Բրիտանիայում հայկական մանրանկարների ցուցահանդես է բացվել


Փետրվարի 17-ին Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում «Հայ մշակույթի ժառանգության ասպեկտներ» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Կյանքի ծառ» եւ «Նկարազարդ ձեռագրեր» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ցուցահանդեսը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպել էին «The Chiltern-Armenian» ընկերությունը եւ Հայ Վիքըմի գրադարանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, ցուցահանդեսին ներկայացվել էին <b>հայկական մանրանկարների</b> ավելի քան 115 լուսանկարներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, «The Chiltern-Armenia» ընկերության նախագահ Օդեթ Բազիլը, Հայ Վիքըմի փոխքաղաքապետ Մուհամեդ Աբդուլ Քարիմը, Քաղաքների քույրացման ասոցիացիայի նախագահ Էրոլ Բեյքրը, տեղական մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` տեղացի գրասերներ եւ արվեստասերներ: Բացելով ցուցահանդեսը` դեսպան Գաբրիելյանը նշել է. «Սա Հայ Վիքըմում իրականացվող հերթական մշակութային միջոցառումն է, որ ներկայացնում է Հայաստանը եւ տեղի է ունենում այս քաղաքի եւ Հայաստանի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների քույրացման` 2006թ. դեկտեմբերին սկիզբ առած գործընթացի շրջանակում: Ես հուսով եմ, որ միմյանց մշակույթին ծանոթանալու հնարավորություններ տվող այս միջոցառումները ոչ միայն կհանգեցնեն մոտ ապագայում քույրացման պայմանագրերի ստորագրմանը, այլեւ կակտիվացնեն Հայաստանի եւ Միացյալ Թագավորության շրջանների միջեւ համագործակցությունը»:

Դեսպանը բարձր է գնահատել Չիլթերնի փոքրաթիվ հայ համայնքի` այս ուղղությամբ իրականացվող ակտիվ գործունեությունը եւ Հայ Վիքըմ քաղաքի տեղական իշխանությունների մշտական աջակցությունը կազմակերպությանն ու Հայաստանի դեսպանության նախաձեռնություններին: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ փետրվարի 28-ը: