18 փետրվարի 2010 - 18:28 AMT
Հայաստանի կառավարությունը պարզեցրել է վարորդական իրավունքի ստացման կարգը


Հայաստանի կառավարությունը փետրվարի 18-ի իր նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում: Նպատակն է հստակեցնել <b>վարորդական վկայական</b> ստանալու ընթացակարգը, մասնավորապես` մինչեւ 1992թ. փետրվարի 21 ԽՍՀՄ երկրներում ստացած վարորդական վկայականները հնարավոր կլինի փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու: Նույն հիմունքով իրենց վարորդական վկայականները կարող են փոխել նաեւ դիվանագիտական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձնակազմի անդամները:

Նոր որոշմամբ հանվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկը եւ փոխարենը գործնական քննության համար սահմանվում են առավել պարզ, հստակ, իրագործելի եւ գնահատելի պահանջներ, ինչպես նաեւ վարորդական վկայական տալու հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ավելի երկար ժամկետ` 5 տարի: