18 փետրվարի 2010 - 19:46 AMT
Le Monde. Երեւանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման հույսն արդեն հօդս է ցնդել


Չորս ամիս է անցել Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման պահից, իսկ երկու հարեւանների հարաբերությունների կարգավորման հույսն արդեն հօդս է ցնդել: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը:

Հոդվածի հեղինակը մեջբերում է թուրք փորձագետ Այբարս Գորջուլուի խոսքերը, վերջինս նշում է, որ Արձանագրությունների ստորագրումից հետո առկա էյֆորիան անցել է, եւ բանակցությունները «փոխադարձ հիասթափությունների» փուլ են թեւակոխել: «Արդեն 16 տարի շարունակ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանում հաշտությանը, Երեւանում ու Բաքվում կրքերի բորբոքումը չի նվազում, իսկ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները մեռյալ կետից չեն տեղաշարժվում»,- արձանագրում է թերթը:

Հեղինակի կարծիքով, նահանջելով Թուրքիան ցույց է տալիս իր կախվածությունը Բաքվից: «Հայաստանի հետ սիրաբանելու մտադրությամբ թուրք մեծ եղբոր նախաձեռնությունները ստվեր նետեցին նրանց գործընկերության վրա: Ադրբեջանում արդեն 20 տարի իշխող Ալիեւների գերդաստանի օգտին ծանրակշիռ փաստարկ են նավթի եւ գազի կասպիական հարուստ հանքավայրերը»,- գրում է թերթը:

Le Monde-ը նշում է, որ Հայաստանում գնալով ավելի զգուշավոր կերպով են վերաբերվում հաշտեցման գործընթացին` լրջորեն կասկածելով Թուրքիայի անկեղծության հարցում: Թերթը հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը հավանություն տվեց Արձանագրություններին, նշեց, որ դրանք չեն կարող հակասել Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու անհրաժեշտության» մասին:

«Դժվար թե հաջողվի խուսափել ցեղասպանության թեմայից, եթե Անկարան անկեղծորեն ցանկանում է հաշտվել հարեւանի հետ: Իսկ առայժմ Թուրքիան կգերադասեր, որպեսզի Հայաստանը չափավորեր իր պահանջները: Անկարան անհանգստացած է ԱՄՆ-ում հայ համայնքի կողմից կազմակերպված լոբբիացմամբ եւ ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության փաստի հնարավոր ճանաչմամբ»,- ընդգծում է Le Monde-ը: