19 փետրվարի 2010 - 14:04 AMT
Իրանը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը


Իրանը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Իրանը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում: Մեզ համար կարեւոր է, որ Հայաստանը կարգավորի հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Ադրբեջանի հետ եւ մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,-ասել է իրանցի դիվանագետը: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը` Սեյեդ Ալի Սաղայանը նշել է,որ պաշտոնական Թեհրանը միշտ եղել է խնդրի խաղաղ լուծման կողմնակիցը` բանակցությունների միջոցով եւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, դեսպանը հայտարարել է, որ, հաշվի առնելով այն փաստը, որ Իրանը սահմանակից է Ղարաբաղի ազատագրված տարածքներին, Թեհրանն իր դիրքորոշումն ունի այդ հարցում:

Անդրադառնալով հայ-իրանական համագործակցության հարցերին` Սեյեդ Ալի Սաղայանն ընդգծել է, որ ներկայումս համատեղ ռազմավարական նախագծերը` Իրան-Հայաստան երկաթուղու եւ ավտոմայրուղու, Մեղրիում ՀԷԿ-ի կառուցումը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան նավթամուղի եւ հեղուկ վառելիքի տերմինալի շինարարությունը գտնվում են իրականացման փուլում եւ Իրանը մտադիր է ամեն կերպ զարգացնել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Անդրադառնալով Իրանում հայկական բուհերի ճանաչման խնդրին` դեսպանը հայտնել է, որ դա տեխնիկական խնդիր է: «Առաջիկայում ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն կայցելի Իրան, որտեղ այլ հարցերի թվում կքննարկվի նաեւ այդ խնդիրը»,-ասել է իրանցի դիվանագետը:

Գնահատելով Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակման հնարավորությունը` դեսպանը նշել է, որ, հաշվի առնելով իրավիճակն Աֆղանստանում ու Իրաքում, իրանական կողմն այսօր բացառում է այդ հնարավորությունը: