19 փետրվարի 2010 - 15:04 AMT
«Եվրատեսիլ 2010»-ի sms-քվեարկության գաղտնազերծումն ուսումնասիրում են անկախ դիտորդները


<b>InterMOB</b> ընկերությունը, որը «Եվրատեսիլ 2010» մրցույթի մասնակցի համազգային ընտրության ընթացքում sms-քվեարկության տեխնիկական ապահովության պատասխանատուն է, քվեարկության արդյունքները կհրապարակի «Հայաստանի Հանրապետություն» թերթում եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով: InterMOB-ի ընկերությունում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ ընկերությունը դեռեւս պատրաստ չէ հաշվետվություն ներկայացնելու, քանի որ ներկայում քվեարկության արդյունքները ուսումնասիրում է անկախ դիտորդների ընկերությունը:

Փետրվարի 14-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանի ազգային ընտրության եզրափակիչ փուլի արդյունքների համաձայն, հաղթող է ճանաչվել երգչուհի Եվա Ռիվասը` Apricot Stone երգով: Նրանից բացի մրցույթին մասնակցելու համար պայքարում էր եւս 8 մասնակից: Հաղթողը որոշվել է հանդիսատեսների քվեարկության եւ մրցութային հանձնաժողովի ընտրությամբ:

Էմմին եւ Միհրանը, որ զուգերքով էին հանդես գալիս եւ եզրափակիչ փուլում գրավել էին երրորդ տեղը, անվստահություն են հայտնել քվեարկության արդյունքների վերաբերյալ, եւ խոստացել են բջջային կապի բոլոր օպերատորներից պահանջել sms-քվեարկության արդյունքների գաղտնազերծում: