19 փետրվարի 2010 - 19:52 AMT
Վանաձորում «Օրրան» կենտրոնի շենք կկառուցվի


Վանաձոր քաղաքում «Օրրան» կենտրոնի շենքի կառուցման համար Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը 230 հազար եվրո է նվիրաբերել: Փետրվարի 18-ին համապատասխան համաձայնագիր է կնքվել CISP տնօրեն եւ ներկայացուցիչ <b>Պաոլո Դիեչիի</b> եւ Օրրան բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր <b>Արմինե Հովհաննիսյանի</b> միջեւ:

«Մեր կազմակերպությունը աշխատում է 25 տարբեր երկրներում` հիմնականում իրականացնելով երեխաների իրավունքները ընդգրկող ծրագրեր: Մեր նախաձեռնությամբ ավելի մոտիկից ծանոթանալով Օրրանի իրականացրած ծավալուն եւ տպավորիչ աշխատանքներին` մենք դիմեցինք Իտալիայի արտաքին գործերի նախարարությանը` Վանաձորում Օրրանի կենտրոնի շինարարությանը աջակցելու նպատակով»,- հայտարարեց Դիեչին:

«Շատ շնորհակալ ենք Իտալիայի կառավարությանը եւ CISP կազմակերպությանը, որոնք իրենց ներդրումով ապահովեցին Օրրանի կենտրոնի կառուցումը: Մենք աշխատանքները արդեն սկսել էինք 2008 թվականին, երբ Մեծ Բրիտանիայից Գրիգոր եւ Աննա Գրիգորյանները այս նպատակով 250. 000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարեցին, որի մի մասով մենք կարողացանք հազար քառակուսի մետր հողատարածք ձեռք բերել Վանաձոր քաղաքի կենտրոնում»,- պարզաբանեց Արմինե Հովհաննիսյանը:

Ինչպես հաղորդում է կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով բաժինը, Վանաձորում Օրրանը Բաց հասարակության ինստիտուտի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ իր աշխատանքներն սկսել էր 2009 թվականի սեպտեմբերին` բացելով Օրրանի մասնաճյուղ վարձակալած տարածքում: Ներկայումս կենտրոնում կարիքավոր 50 երեխաներ օրական ստանում են տաք կերակուր, օգտվում են կրթական, բժշկական, հոգեբանական եւ սոցիալական ծառայություններից: Օրրանում գործում են նաեւ կավագործության, փայտագործության, մաքրամեի խմբակներ: Շենքի կառուցումը կապահովի ոչ միայն ավելի շատ երեխաների , այլ նաեւ մեծահասակաների ընդգրկումը Օրրանի ծրագրերում:

«Օրրան» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին: Ներկայումս գործում է Հայաստանի երկու քաղաքներում` Երեւանում եւ Վանաձորում: