20 փետրվարի 2010 - 15:35 AMT
Հրաչյա Ռոստոմյանը եւս 4 տարով կգլխավորի Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան


Փետրվարի 20-ին Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան նախագահ ընտրեց: Միակ թեկնածուն Ֆեդերացիայի գործող նախագահ <b>Հրաչյա Ռոստոմյանն</b> էր: Նա միաձայն վերընտրվել է 4 տարով: Ռոստոմյանը փետրվարի 18-ից կատարում է նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Իր ելույթում Ռոստոմյանը նշեց, որ 2006 թվականից հետո, երբ ինքը նախագահ դարձավ, Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան շատ աշխատանք է կատարել. «45 դպրոցներում 260 բասկետբոլային խմբեր են ձեւավորվել, որոնցում 4617 երեխաներ են խաղում,- ասաց Ռոստոմյանը,- 2007 թվականից մեր Ֆեդերացիան FIBA-Եվրոպայի եւ FIBA-աշխարհի անդամն է»:

Նախագահի խոսքով, 2010 թվականին Բասկետբոլի ֆեդերացիան բանակային մրցաշար եւ Հայաստանի պատանիների առաջնություն է կազմակերպելու: «Այս տարվա ամռանը Երեւանում տեղի կունենա C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, ւե մենք պետք է այն ամենաբարձր մակարդակով անցկացնենք: Կփորձենք լուծել նաեւ Երեւանի մարզադահլիճների խնդիրները»,- ավելացրեց Ռոստոմյանը:

Ֆեդերացիան իր առջեւ խնդիր է դրել` մինչեւ 2012 թվականը 2 միջազգային մրցավար եւ 1 տեսուչ ունենալ: