20 փետրվարի 2010 - 15:39 AMT
ՀՀՀ-ն պատասխանատվություն չէր կրում sms-քվեարկության արդյունքների համար


«Հայաստանի հանրային հեռուստատեսությունը պարտավոր չէ Եվրատեսիլի ազգային ընտրական փուլն անցկացնել մի քանի մասնակիցների միջեւ»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ըստ նրա, Հայաստանը նման փորձ ունի, երբ ընտրվում է ոչ թե կատարողը, այլ երգը, որը ներկայացվելու է մրցույթում, ինչպես դա եղավ Անդրեի ու Սիրուշոյի դեպքում:

Ըստ Ա.Հարությունյանի, Հանրային հեռուստատեսությունը կազմակերպել էր միայն համերգը եւ պատասխանատվություն չէր կրում sms-քվեարկության արդյունքների համար, որն իրոք այնքան էլ հարթ չանցավ: «Ես ինքնս չկարողացա քվեարկել ինձ դուր եկած մասնակցի օգտին, սակայն նման խնդիրներ այդ օրը բոլորն են ունեցել` մեր կապը վատ է աշխատում նաեւ Ամանորի օրերին, եւ եթե մինչ այդ ոչինչ չփոխվի, այդպես կլինի նաեւ մարտի 8-ին: Սակայն ուշացած sms-ների գալուն պես ճեղքվածքը առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի միջեւ միայն ավելանում էր»,ասել է Հարությունյանը:

«Եթե մենք ցանկանայինք մեր մարդուն գործուղել մրցույթի, մենք հսկայական գումարներ չէինք ծախսի նման մեծ շոու կազմակերպելու համար, քանի որ ընտրական փուլի անցկացումը մեր իրավունքն է, ոչ թե` պարտականությունը»,-ասել է Ա.Հարությունյանը: