10 փետրվարի 2010 - 21:04 AMT
Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը ծառայում է երկու երկրների շահերին


«Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը ծառայում է երկու երկրների շահերին»,- ասաց Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը` ավելացնելով, որ լավ հեռանկարներ է տեսնում երկու երկրների միջեւ հետագա համագործակցության համար: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո Երեւանն ու Թեհրանը մի շարք համատեղ միջոցառումներ են անցկացրել տնտեսական, մշակութային եւ արդյունաբերական ոլորտներում:

Առաքելյանը նկատեց նաեւ, որ երկրները պետք է խորացնեն համագործակցությունը բոլոր ուղղություններով: Խոսելով արգելքների մասին, որոնք խանգարում են երկու պետությունների համագործակցությանը, դեսպանը հայտնեց, որ Հայաստանում բաց տնտեսական համակարգ է գործում, իսկ Իրանում առկա որոշակի կանոնները բարդացնում են հայկական ընկերությունների աշխատանքը:

«Եթե երկու երկրներն էլ Համաշխարհային առեւտրական կազմակերպության անդամ դառնան, ապա դա մեծ օգնություն կլինի Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանը»,- նկատեց Առաքելյանը:

Փետրվարի 9-ին Թեհանում տեղի ունեցավ միջազգային խորհրդաժողով, որի ընթացքում ներկայացվեցին հնարավոր ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ:

«Հայաստանն ու Իրանը պետք է օգտագործեն ողջ պոտենցիալը, որպեսզի ընդլայնեն կոմերցիոն գործունեությունն ու փոխադարձ ներդրումները երկու երկրների մասնավոր սեկտորում»,- նշել է Իրանի փոխարտգործնախարար Ամիր Մանսուր Բորհեյը, հաղորդում է Fars News agency-ն: