10 փետրվարի 2010 - 21:46 AMT
Լոնդոնում Սերժ Սարգսյանը մասնակցել է Արշիլ Գորկու ցուցահանդեսի բացմանը


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Բրիթիշ փեթրոլեում» խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Լորդ Բրաունի մասնակցությամբ տեղի է ունեցել ընթրիք, որին մասնակցել են նաեւ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Լոնդոնում Հայաստանի Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում (Chattam House), որտեղ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային օրակարգի հիմնական խնդիրներին, պաատասխանել ներկաների հարցերին:

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Նախագահին կընդունի Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, նախատեսված են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի եւ Արքայազն Չարլզի հետ: