22 փետրվարի 2010 - 12:39 AMT
Հարկավոր է ակտիվացնել Չինաստանի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում


Այսօր հարկավոր է ակտիվացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին ասվում է Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ: «Այն նպաստավոր է նրանով, որ`Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային անվտանգության օրակարգային խնդիր է պանթուրքիստական ծրագրերի դիմակայումն ու թուրքական էթնո-քաղաքական էքսպանսիայի խափանումը Միջին Ասիա, այնուհետեւ ՉԺՀ Սինցզյան-Ույգուրական նահանգ, որտեղ բնակվում է թուրքալեզու ազգաբնակչություն, ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ:

«Անցած տարի Սինցզյան-Ույգուրական նահանգում տեղի ունեցած լարվածությունն ու սեպարատիստական, թրքամետական գործողությունները զգալիորեն լարվածության մեջ գցեցին թուրք-չինական հարաբերությունները: Պաշտոնական Անկարայի մի շարք հայտարարությունները Սինցզյան-Ույգուրական նահանգում տեղի ունեցածի վերաբերյալ ավելի կարեւորեց կովկասյան տարածաշրջանը ՉԺՀ համար»,-գտնում է ԱՆՊՇ-ն:

Ելնելով ներկայիս ստեղծած իրավիճակից` շարժումը փետրվարի 25-ին կազմակերպում է բողոք-պահանջի ակցիա ՉԺՀ դեսպանության առջեւ` պահանջելով ՉԺՀ իշխանություններից. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես պանթուրքական ծրագրերի արյունալի հետեւանք, ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային պայքարն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի որպես 20-րդ դարում պանթուրքական ծրագրերի հետեւանք: «Ինչպես Թայվանը պետք է վերամիավորվի Չինաստանին, այնպես էլ Արցախը պետք է ի վերջո վերամիավորվի Հայաստանի Հանրապետությանը»,-ասվում է հայտարարության մեջ: