22 փետրվարի 2010 - 13:53 AMT
ԵՄ-ն հուսով է, որ առաջիկայում ասոցիատիվ համաձայնագիր կկնքվի Հայաստանի հետ


Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքների օրակարգում մի շարք հավակնոտ ծրագրեր կան, այդ թվում, ասոցիատիվ համաձայնագրի կնքումը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ: Այդ մասին Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի երրորդ նիստում հայտարարել է ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի հետ ասոցիատիվ համաձայնագրի կնքումն առաջիկայում իրողություն կդառնա: Կարեւոր է, որ Խորհրդատվական խմբի միջոցով մենք կարողացանք նպաստել այդ համաձայնագրի կնքմանը»,-ասել է Ռաուլ դը Լուցենբերգերը:

Իր հերթին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Խորհրդատվական խումբն իրականացնում է բազմաֆունկցիոնալ գործունեություն հանրապետությունում եւ ուշադրություն է դարձրել հանրային կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մաքսային եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վրա:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ընդգծել է, որ Հայաստանում Խորհրդատվական խմբի գործունեությունը համարվում է աննախադեպ ու հաջողված նախաձեռնություն, որի նպատակն է աջակցել պետական կառույցներին` ազգային չափանիշները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում: Ըստ նրա, պետական կառույցներին աջակցող UNDP ծրագիրը 2010-2015թթ. ընդգրկելու է հետեւյալ ուղղությունները` աջակցել ՀՀ կառավարությանը ճգնաժամի հետեւանքների վերացման գործում, աջակցել ժողովրդավարական ինստիտուտներին եւ ՀՀ քաղաքացիական հանրությանը, աջակցել էներգախնայողության ոլորտում:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության օրակարգում առանձնակի տեղ է զբաղեցնում ասոցիատիվ համաձայնագրի կնքումը: Նա կարեւորել է Եվրամիության երկրների ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքմանը` նշելով, որ ռազմավարությունն այդ ուղղությամբ գտնվում է վերջնական մշակման ընթացքում:



Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ասոցիատիվ համաձայնագրի կնքումը նախատեսում է բաց եւ ընդարձակ դաշտ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ համագործակցության համար, մասնավորապես, այն հնարավորություն է տալիս ազատ ելք ստանալ դեպի եվրոպական շուկա: