22 փետրվարի 2010 - 14:49 AMT
ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների անունները, որոնք հանդես են գալու Աստրախանում եւ Նալչիկում


ՖԻԴԵ-ն հրապարակեց 2010 թ. մայիսի 9-25-ը Ռուսաստանի Աստրախան քաղաքում անցկացվելիք տղամարդկանց Գրան պրիի խաղարկության եզրափակիչ փուլի մասնակիցների կազմը: Հիշեցնենք, որ անկախ այս մրցաշարի արդյունքներից, Լեւոն Արոնյանը արդեն դարձել է Գրան պրիի հաղթող, եւ այդ կապակցությամբ, ՖԻԴԵ-ի համաձայնությամբ, չի խաղա վերջին փուլում, հաղորդում է armchess.am-ը:

Աստրախանում ելույթ կունենա Գրան պրիի մեր մյուս մասնակիցը` Վլադիմիր Հակոբյանը: Նրա մրցակիցները կլինեն Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը, Պավել Էլյանովը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Ալեքսեեւը, Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Վուղար Հաշիմովը, Թեմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Վան Յուն (Չինաստան):

ՖԻԴԵ-ն հրապարակեց 2010 թ. ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 8-ը Ռուսաստանի Նալչիկ քաղաքում անցկացվելիք ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի խաղարկության 3-րդ փուլի մասնակիցների վերջնական կազմը:

Նալչիկում մենք կտեսնենք Հայաստանի երկու ուժեղագույն շախմատիստուհիներին` Էլինա Դանիելյանին եւ Լիլիթ Մկրտչյանին: Նրանց մրցակիցները կլինեն Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն (Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):