22 փետրվարի 2010 - 16:19 AMT
ԱՄՆ-ում Հայկական լեգեոնի մասին պատմող ցուցահանդես կբացվի


Փետրվարի 26-ին Ամերիկայի Հայկական գրադարանի եւ թանգարանի (ALMA) ներկայացուցիչ Բարբարա Մերգերյանը ԱՄՆ University of Michigan-Dearborn-ում կբացի «Հայկական լեգեոնն ու նրա սխրանքները Միջին Արեւելքում» ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է www.almanic.org կայքը, ցուցահանդեսում կներկայացվեն կամավորական շարքերի ստեղծման, Առաջին աշխարհամարտին դրանց մասնակցության եւ հետպատերազմական գործունեության մասին վկայող լուսանկարներ:

Ցուցահանդեսի բացմանը դոկտոր Բարբարա Մերգերյանը կընթերցի «Պայքար հանուն արդարության Միջին Արեւելքում` Հայկական լեգեոնի պատմությունը Առաջին աշխարհամարտում» դասախոսությունը Հայկական լեգեոնի հաղթանակների մասին, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակակից Միջին Արեւելքի ձեւավորման գործին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է այն դաշնակցական զորքերի հետ համատեղ Առաջին աշխարհամարտից հետո մասնակցել հայկական Կիլիկիա երկրամասի (այժմ` Հարավային Թուրքիայում) նվաճմանը:

Իր դասախոսության ժամանակ Մերգերյանը կանդրադառնա նաեւ Առաջին աշխարհամարտի առաջ բերած ցնցումներին, այդ թվում` Ռուսաստանի հեղափոխությանը, Թուրքիայի քաղաքացիական պատերազմին, ԱՄՆ մեկուսացման քաղաքականությանը, որը Հայաստանին զրկեց իր գլխավոր նպատակից` ազգային ինքնավարությանը կամ անկախությանը հասնելու միջոցներից:

Շնորհանդեսը կօգնի դասեր քաղելու փոքր ազգի` հանուն ազատության եւ ինքնորոշման մղած պայքարից:

«Հայկական լեգեոնն ու նրա սխրանքները Միջին Արեւելքում» ցուցահանդեսը կկայանա ԱՄՆ Միլֆորդ քաղաքի բարեգործների եւ հայ-ամերիկյան վետերանների գրանտների շնորհիվ: Ցուցահանդեսի համար լրացուցիչ նյութերը տրամադրվել են University of Michigan-Dearborn աշխատակիցների կողմից: