22 փետրվարի 2010 - 19:14 AMT
Ավետ Ադոնցը բելգիացի խորհրդարանականներին ծանոթացրեց ղարաբաղյան կարգավորմանը


Փետրվարի 19-ին Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Բելգիա - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էրիկ Ժադոյին, խմբի անդամ Վիլլեմ Ֆրեդերիկ Սխիլցին եւ խմբի քարտուղար Պատրիկ Պերեմանսին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են բարեկամության խմբի գործունեության ակտիվացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման հեռանկարները: Կողմերը համակարծիք էին, որ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կնպաստի երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմանը, տնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմազանեցմանը:

Հյուրերի խնդրանքով դեսպանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաեւ` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացը:

Զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական բարեկամության խմբի դերը Հայաստանի դիրքորոշումները Բելգիայի խորհրդարանին, ինչպես նաեւ միջազգային կառույցներին եւ հանրությանը հասանելի դարձնելու գործում:Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումների պարբերական կազմակերպման եւ երկու երկրների խորհրդարանական խմբերի փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ: