23 փետրվարի 2010 - 14:56 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Ռազմական հեղաշրջման հավանականությունը Թուրքիայում փոքր է


Այն, ինչ կատարվում է այժմ Թուրքիայում, կարելի է անվանել ներքին պայքար քեմալական եւ իսլամիստական խմբավորումների միջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին` պրոֆեսորը հայտարարել է, որ չի բացառում ռազմական հեղաշրջման հնարավորությունը Թուրքիայում, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ նման հավանականությունը շատ փոքր է, եթե հաշվի առնենք, որ բարձրագույն զինվորական պաշտոնյաների հեղինակությունը սասանված է: «Եթե Թուրքիայում ռազմական հեղաշրջում տեղի ունենա, դա մեծ մարդկային զոհերի կբերի»,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հավելել է, որ դժվար է կանխատեսել իրադարձությունները, սակայն վստահություն է հայտնել, որ երկրում ստեղծված իրավիճակը կազդի Անկարայի դիրքորոշման վրա` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Թուրքիան փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը որպես առիթ` Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման համար»,-ասել է թուրքագետը: Ըստ նրա, եթե իրավիճակն էլ ավելի սրվի, ապա չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա Անկարայի հանդեպ ճնշում գործադրելուց Հայ-թուրքական հարաբերությունների հարցում` համարելով դա այդ երկրում լարվածությունը սրող ավելորդ գործոն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Թուրքիայում պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվել են տասնյակ բարձրաստիճան սպաներ` ներառյալ Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, բանակի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունին: Ձերբակալվածների թվում են նաեւ ՌՕՈւ նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթինը, ՌԾՈւ նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Օզգեն Օմեկը, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը: Ըստ աղբյուրի, ձերբակավել է 10 գնդապետ, չորս ծովակալ, 17 գեներալ, նրանցից ոմանք պաշտոնաթող են, մյուսները` մինչ օրս ծառայության մեջ էին: Ձերբակալությունները կատարվել են Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում: Ընդամենը դավադրության մեղադրանքով շուրջ 50 հոգի է ձերբակալվել: