Ցույց Ֆրանսիայի Լիոն քաղաքում` ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների եւ Վահագն Չախալյանի
Մարտի 3-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ տեղի է ունենալու ցույց ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների եւ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի:
Ցույցի մասնակիցները բողոքելու են ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության, Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտման, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման եւ բռնագրավված եկեղեցիների վերադարձման իրավունքների ոտնահարման դեմ:
Ցույցի կազմակերպիչն է «Ֆրանսիա-Ջավախք» ոչ կառավարական կազմակերպությունը:
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահանգն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Ախալցիխեի առաջին ատյանի դատարանում, որն ուղեկցվում էր խայտառակ խախտումներով: Չախալյանը դատապարտվեց զանգվածային միջոցառումների կազմակերպման, հասարակական կարգը խախտելու, իշխանության ներկայացուցչի հանդեպ խուլիգանության, զենքի եւ զինամթերքի ձեռք բերման ու պահման համար: 5000 լարի եւ 2000 լարի (համապատասխանաբար) տուգանքների դատապարտվեցին Վահագն Չախալյանի հայրն ու կրտսեր եղբայրը:
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը: Ներկայումս ջավախահայ Չախալյանի գործը բողոքարկվում է Վրաստանի Գերագույն դատարանում: