23 փետրվարի 2010 - 16:21 AMT
1650 երիտասարդ ընտանիք մատչելի բնակարան ձեռք բերելու հայտ է ներկայացրել


«2010 թ. մարտին մեկնարկելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան», պետական նպատակային ծրագիրը, որը նախատեսում է երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրել», - փետրվարի 23-ին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նրա խոսքերի համաձայն, ծրագրի շահառուները կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, որոնց միագումար տարիքը 60-ից բարձր չէ, այսինքն` ամուսիններից մեկի տարիքը 35-ից բարձր չէ, եւ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 300-400 հազ. դրամ: Վարկ կարող են ստանալ նաեւ միայնակ ծնողները, որոնց տարիքը 30-ից բարձր չէ:

Արսեն Քարամյանի խոսքերի համաձայն, կառավարության ընդունած ծրագիրը թույլ է տալիս նաեւ բարելավել երկրի ժողովրդագրական վիճակը. «Հավանական է, որ այնպիսի ծրագիր է մշակվել, որը թույլ կտա ավելի նվազեցնել տոկոսադրույքը կամ վարկի մի մասը որպես նպաստ տալ այն երիտասարդ ընտանիքներին, ովքեր ունեն երկու եւ ավելի երեխաներ»:

Նա ընդգծել է, որ 1650 երիտասարդ ընտանիք հայտ է ներկայացրել մատչելի բնակարան ձեռք բերելու համար, որից 1100-ն ուզում է բնակարան ունենալ Երեւանում, իսկ 550-ը` շրջաններում: Փորձագետների կարծիքով, վարկը մարելու համար վճարունակ է համարվել մոտ 500 ընտանիք, որից 300-ը Երեւանից են:

Երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու վարկ տրամադրվելու է արտոնյալ պայմաններով` շուկայում գործող տարեկան 14-15%-ի փոխարեն դրանք տրվելու են տարեկան 10.5-11%-ով, որից 2%-ը պետությունը որպես նպաստ է տալու: Այսպիսով, վարկերը տրվելու են 8.5-9%-ով: Վարկի մարման ժամկետը լինելու է ոչ պակաս, քան 10 տարի: Ծրագրի շրջանակներում Երեւանում եւ Հայաստանի շրջաններում բնակարանների առավելագույն գինը կազմելու է 16 մլն դրամ:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում բնակարանի վարկավորման պայմանագիր է կնքվել «Առեքսիմբանկի» եւ «Արարատ» բանկի հետ, այս ցուցակը մոտակա օրերին ավելանալու է եւս 8-10 բանկերով:

«Մենք մեր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ծրագրի հակառակորդներին հիասթափեցնենք», - ասել է Արսեն Քարամյանը, ավելացնելով, որ ստեղծվելու է նաեւ թեժ գիծ, ուր կարելի է դիմել կոռուպցիայի դրսեւորումների հանդիպելիս, իսկ նախարարությունը քայլեր կձեռնարկի դրանք վերացնելու համար: