23 փետրվարի 2010 - 19:10 AMT
Վաշինգտոնը անհանգստացած չէ Թուրքիայում սպաների ձերբակալություններով


Մ.Նահանգներին չեն անհանգստացնում վերջերս Թուրքիայում բարձրաստիճան սպաների ձերբակալությունները. նրանք մեղադրվում են երկրում զինված հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Այդ գործընթացները Թուրքիայի քաղաքականության եւ հասարակության մեջ նորություն չեն, եւ ես չեմ կարծում, որ մենք առանձնապես անհանգստացած ենք դրանով»:

Յուրաքանչյուր գործողություն պետք է համապատասխանի Թուրքիայի օրենքին եւ թափանցիկ լինի», - ասել է Քրոուլին, գրում է թուրքական Today's Zaman թերթը:

Թուրքիայում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել են տասնյակ բարձրաստիճան սպաներ, ընդհուպ Թուրքիայի ԳՇ պետի նախկին փոխնախարար, բանակի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունին:

Ձերբակալվածների թվում են նաեւ ՌՕՈՒ նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆիրտինան, ՌԾՈՒ նախկին հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Օզգեն Օմեկը, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը: Տեղեկատվական աղբյուրի տվյալների համաձայն, ձերբակալվել են տասը գնդապետ, չորս ծովակալ, տասնյոթ գեներալ, որոնցից մի քանիսը պաշտոնաթող են, իսկ մյուսները դեռեւս ծառայում են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում: Ընդհանուր առմամբ ձերբակալվել են 50 մարդ:

Վերջին 50 տարիների ընթացքում Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական չորս հեղաշրջում` 1960 թ. մայիսի 27-ին, 1971 թ. մարտի 12-ին, 1980 թ. սեպտեմբերի 12-ին եւ 1997 թ. փետրվարի 28-ին: