23 փետրվարի 2010 - 19:24 AMT
Երեւանում տեղի ունեցավ «Հրեաները Հայաստանում. Միջնադար» գրքի շնորհանդեսը


Երեւանում տեղի ունեցավ «Հրեաները Հայաստանում. Միջնադար» գրքի շնորհանդեսը: Ինչպես շնորհանդեսի ընթացքում նշել է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, գիրքը լույս տեսավ սիմպոզիումի նյութերի հիման վրա, որը տեղի էր ունեցել 2009 թ-ի մայիսի 11-12-ը Եղեգնաձորում:

«Գիտական հետազոտությունները հնարավոր դարձան շնորհիվ Վայոց ձոր մարզի Եղեգիս գյուղում պահպանված հրեական գերեզմանոցի: Այն փաստը, որ դարերի ընթացքում պահպանվել է այդ գերեզմանոցը, վկայում է հայ ժողովրդի հանդուրժողականության եւ փոխըմբռնման մասին», - ասել է Ռիմա Վարժապետյանը, եւ ավելացրել, որ գերեզմանոցի հնագիտական պեղումները կատարվել են շնորհիվ Հայաստանի կառավարության եւ հրեական մասնագետների ջանքերի:

Մեկնաբանելով հրեաներին ճնշելու մասին տեղեկությունները, հրեական համայնքի նախագահը ասել է, որ Հայաստանը մի երկիր է , որտեղ չեն ոչնչացրել հրեաներին եւ հրեական մշակույթը: «Եվ այսօր հրեաները հանգիստ եւ նորմալ են ապրում Հայաստանում», - ասել է նա:

Ռիմա Վարժապետյանը հաղորդել է, որ համայնքը մտադիր է գիրք հրատարակել Հայաստանի ժամանակակից հրեական համայնքի մասին: