24 փետրվարի 2010 - 13:57 AMT
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընթունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ խմբակցություն), այս օրինագծի ընդունման անհրաժեշտութունը բխում է Հայ-թուրքական արձանագրությունների ձգձգումից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, Ռուստամյանը նշել է, որ հակառակ դեպքում անհասկանալի կլիներ նման օրինագծի ընդունման շտապողականությունը: «Կառավարության ներկայացրած օրինագիծն անհրաժեշտ է, սակայն ոչ` բավարար: Եթե մենք այժմ հայտարարում ենք, որ Հայաստանի կառավարությունը մշակում է հայ-թուրքական գործընթացից դուրս գալու ուղիները, ապա ինչու ՀՀ ԱԺ-ն պետք է զուրկ լինի նման հնարավորությունից, քանի որ ըստ այդ օրենքի կառավարությունը գործընթացից դուրս է մնում: Ըստ մեր համոզման, խորհրդարանը պետք է կառավարության հետ հավասար իրավունքներ ունենա եւ, բացի այդ, պետք է վերապահումներով հանդես գալու հնարավորություն ունենա, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունը առավել ճկուն դառնա: Եթե խորհրդարանն այդ իրավունքը ստանա, նա կկասեցնի թուրքական կողմի նախապայմանները»,-ասել է Ռուստամյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը քվեարկել է օրինագծի ընդունման դեմ: Ըստ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի, կուսակցության համար անհասկանալի է նման որոշման ընդունման շտապողականությունը, քանի որ Վիեննայի կոնվենցիան արդեն տալիս է նման հնարավորություն: «Օրինագծում հստակ չէ այն պահը, թե երբ այն կարելի է կիրառել: Եթե ԱԳ նախարարը հստակ հայտարարեր, որ օրինագծի ընդունումը կապված է Արձանագրությունների վավերացման հետ եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու կամ կասեցնելու Թուրքիայի ջանքերի հետ, ապա շտապողականությունը հասկանալի կլիներ»,-ասել է Սաֆարյանը: