24 փետրվարի 2010 - 15:26 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը վկայում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրների մասին


Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը քվեարկության դնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի որոշումը կապված չէ նրա հետ, որ տվյալ հարցը նոր նշանակություն է ստացել Վաշինգտոնի համար: Այդ որոշումը կապված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրների հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Կիրակոսյանն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն արդեն անելիք չունի, հերթը Թուրքիայինն է: «Այս պահի դրությամբ գերտերությունների բոլոր ակնկալիքները կապված են Թուրքիայի հետ»,-ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ Թուրքիան վատ է արձագանքում Արեւմուտքի ճնշմանը եւ կարող է սխալ ուղղությամբ գնալ: «Անկարան կարող է ավելի զայրանալ ու համառ դառնալ եւ դրանով իսկ վնասել ինքն իրեն»,-ասել է Կիրակոսյանը: Ընդ որում, նա նկատել է, որ Թուրքիան չի կարողանում որոշել թե ինչ կողմնորոշում որդեգրի` Արեւմուտք թե Արեւելք:

Անդրադառնալով առաջիկա քվեարկությանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, Կիրակոսյանն ասել է. «Մեզ հարկավոր չէ, որ այլ երկրներ խոսեն այն մասին, ինչ մենք վաղուց ի վեր գիտենք»: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի այժմյան քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող է առավել ակտուալ դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Իր հերթին ՌԱՀՀԿ վերլուծաբան Մանվել Սարգսյանն ասել է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան կոնկրետ նպատակներ ունենային հայ-թուրքական կարգավորման հարցում, ոչ թե ինչ-որ խաղեր խաղային: Ըստ նրա, երկու երկրները լուրջ սխալներ թույլ տվեցին հենց գործընթացի սկզբից: «Թուրքիայի սխալներն արդեն հստակ երեւում են»,-ասել է Սարգսյանը: Ընդ որում, նա նշել է, որ երկրները թույլ տվեցին գերտերություններին իրենց փոխարեն լուծել իրենց իսկ խնդիրները:

Սարգսյանը համամիտ չէ այն փորձագետների հետ, որոնք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի որոշումը դիտարկում են որպես Անկարայի հանդեպ ճնշման լծակ: «ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի Թուրքիան չվավերացնի Արձանագրությունները, նրանք փորձում են կոտրել Անկարայի նախաձեռնություններն ու հավակնությունները»,-նշել է նա: Ըստ փորձագետի, ԱՄՆ-ն առաջարկում է Թուրքիային հարցի լուծման մեկ այլ ճանապարհ, որը երկիրը չի ցանկանում ընդունել:

Մամլո ասուլիսի ժամանակ Կիրակոսյանը հաղորդել է նաեւ, որ մարտի 3-ին մասնակցելու է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդաժողովին, որը կանցնի Լոնդոնի Chatham House արտաքին հարաբերությունների թագավորական ինստիտուտում: