26 փետրվարի 2010 - 10:41 AMT
Մոսկվայում ստեղծվել է նոր հայկական կազմակերպություն


Մոսկվայի հայ համայնքն այսօր որակական վերափոխման է ենթարկվում, որը ավելի ազդեցիկ է դարձնում նրա դերը ողջ հայ համայնքի համակարգում: Սակայն լիարժեք մեխանիզմ դառնալու համար, գործող կազմակերպություններին հաճախ շատ բան չի հերիքում: Առաջին հերթին խոսքն անբավարար համախմբման, նրանց գործունեության փորձագիտական ապահովման բացակայության մասին է: Որոշ դեպքերում կազմակերպությունների միջեւ նկատվում է առճակատում: Հատուկ ուշադրություն են պահանջում տեղեկատվական ապահովման հարցերը: Այդ մասին ասվում է նոր` Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողով կազմակերպության հաղորդագրության մեջ:

Նախաձեռնող խումբը կարծում է, որ հասունացել է համախմբող հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կներկայացներ բոլոր կազմակերպությունների շահերը եւ կհամաձայնեցներ գործունեությունը ծրագրերի եւ նախագծերի իրականացման ժամանակ կրկնողությունը բացառելու համար:

«Մոսկվայում հայ համայնքի միավորումների եւ կազմակերպությունների միջեւ կայուն փոխհարաբերություններ ստեղծելու եւ ամրապնդելու համար մենք նախաձեռնել ենք ստեղծել Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողով: Համաժողովի նպատակն է ստեղծել հայկական համայնքի համար մեկ հարթակ, որը ընդ որում ոչ մի դեպքում չպիտի ոտնահարի առանձին կազմակերպությունների իրավունքները: Մեր կարծիքով լիարժեք համայնքի ձեւավորման բանալին` համախմբումն է եւ բազմազանության պահպանումն է: Առաջին հերթին Համաժողովը իրենից կներկայացնի տեղեկատվական դաշտ հայ համայնքի համար: Վստահ ենք, որ այդպիսի համագործակցությունը կաջակցի հայ համայնքի համախմբմանը եւ փոխադարձ աջակցության ամրապնդմանը: Համաժողովը կուժեղացնի հայկական կազմակերպությունների ազդեցությունը ռուսական հասարակության վրա, կամրապնդի Հայաստանի, Արցախի եւ այլ երկրների հայ համայնքների փոխհարաբերությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին:

Համաժողովի օրակարգում` կազմակերպությունների գործունեության հետ ծանոթությունն է փորձի փոխանակման համար, համագործակցության տարբեր ոլորտներում գործողությունների համաձայնեցումը, Համաժողովի հիմնադրման Դիմումի ընդունումը եւ Համաժողովի համակարգող մարմնի ձեւավորումը:

Համաժողովի կազմկոմիտեում ընդգրկված են «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, «Նոյան Տապան» թերթի գլխավոր խմբագիր Գիրգորի Անիսոնյանը, «Արցախի բարեկամներ ակումբի» նախագահ Էդուարդ Ղուլյանը, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի հայկական համագործակցության նախագահ Հենրի Սարադյանը եւ «Արեւմուտքի հայերի հայրենակցական միություն» կազմակերպության ներկայացուցիչ Իգոր Զարգարյանը: