26 փետրվարի 2010 - 15:09 AMT
ԱՄՆ-ի հունական համայնքը պահանջում է ետ կանչել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին


ԱՄՆ-ի Հունական հետազոտությունների Helen ինստիտուտը նամակ է հղել Բարաք Օբամային` պահանջելով ետ կանչել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիին: Դեսպանի հայտարարությունները Կիպրոսում թուրքական ռազմական ներկայության անհրաժեշտության մասին քննարկվել են Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նիստում: Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը հայկական եւ հունական շահերի ջատագով է, նշելով, որ 40 հազար թուրք զինվորականներ օկուպացիայի են ենթարկել Կիպրոսը, հարցրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին. «Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին թուրքական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան մտավախություններ ունի Կիպրոսում անվտանգության խնդիրների հետ կապված եւ որ այդ փաստարկը վկայում է այն բանի օգտին, որ թուրքական զորքերը պետք է մնան Կիպրոսում: Միթե՞ դեսպանին սխալ են հասկացել»:

ԱՄՆ պետքարտուղարն ի պատասխան ասել է, որ չի կարող խոսել դեսպանի անունից: «Սակայն ես կարծում եմ, որ նա ուղղակի արտահայտել է թուրքական կառավարության դիրքորոշումը: Անշուշտ, մենք ընկալում ենք ասվածը որպես թուրքական կողմի դիրքորոշում, սակայն ոչ` ամերիկյան»,-ասել է Քլինթոնը, գրում է «Սաբահ» թերթը: