26 փետրվարի 2010 - 15:40 AMT
Ռուբեն Հայրապետյան. Մինասյանը ֆուտբոլի լավ մասնագետ է


Փետրվարի 26-ին կայացած մամլո ասուլիսին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես ներկայացրեց Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: «Մինասյանի թեկնածությունն իմ գործընկերներն առաջարկում էին դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից: Եւ քննարկումների արդյունքում Ֆեդերացիան որոշեց Մինասյանին գլխավոր մարզիչ նշանակել»,- ասաց Հայրապետյանը:

Վարդան Մինասյանը կգլխավորի հավաքականը մինչեւ նախընտրական մրցաշարի ավարտը, սակայն, Հայրապետյանի խոսքով, պայմանագրի ժամկետը կարող է երկարացվել, եթե Մինասյանի հետ հավաքականը կարողանա հաջողությունների հասնել: «Կարծում եմ` Մինասյանը ֆուտբոլի լավ մասնագետ է, եւ կարեւորը, որ նա բոլոր մարզիկներին շատ լավ է ճանաչում»,- ավելացրեց Ֆեդերացիայի նախագահը:

Վարդան Մինասյանն իր հերթին նշեց, որ իր թիմի յուրաքանչյուր մարզիկ պետք է հայրենասեր լինի, եւ այդժամ կլուծվեն հավաքականի առջեւ դրված բոլոր խնդիրները: «Մենք պետք է հավաքականի խաղն ավելի կայուն դարձնենք: Մենք լավ խաղացողներ ունենք, եւ արդեն սեպտեմբերին երիտասարդական հավաքականի 5-6 ֆուտբոլիստներ կհամալրեն ազգային հավաքականը: Մենք պետք է մեր խմբում որքան հնարավոր է շատ միավոր հավաքենք եւ առաջ շարժվենք»,- ասաց Մինասյանը: