26 փետրվարի 2010 - 18:50 AMT
Արա Նռանյան. «Սահմանի բացումը ընդհանրապես չպետք է բանակցությունների նյութ դառնար»


Հայաստանի ղեկավարությունը շտապել է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ ընդունելու հարցում, քանի որ նոր գործընթացներ են սպասվում: Այս մասին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը: Նա նշել է, որ օրենքի շտապողական ուղղումները նշանակում են, որ Հայաստանի ղեկավարությունը ժամանակ չի ունեցել հերթական քառօրյա նիստի ժամանակ օրինագծի երկրորդ ընթերցում անցկացնելու: «Այսինքն` մոտակա ժամանակներում Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում սպասվում են արագընթաց իրադարձություններ», - ասել է նա:

Մեկնաբանելով Կիեւում Թուրքիայի ԱԳ նախարար Ա.Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է բացի նրանց շրջափակած հայ-թուրքական սահմանը, Նռանյանն ասել է, որ սահմանի բացումն ընդհանրապես չպետք է բանակցությունների թեմա դառնար: «Թուրքիան է փակել սահմանը` խախտելով միջազգային բոլոր նորմերը, ուրեմն պետք է բացի առանց պայմանի», - ընդգծել է պատգամավորը:

«Մի երկիր, որ երազում է «առանց փակ սահմանների» տարածաշրջանի մասին, պետք է առաջին քայլն անի ապաշրջափակելու հայ-թուրքական սահմանը, ինչը ճանապարհների եւ հաղորդակցության զարգացման հնարավորություն կտա: Եթե Ադրբեջանի ճնշումը Թուրքիային թույլ չի տալիս վավերացնել արձանագրությունները, ապա գործադիր իշխանությանը ոչինչ չի խանգարում մինչ արձանագրությունների վավերացումը բացել երկու պետությունների միջեւ իր իսկ փակած սահմանը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Կիեւում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ: